ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները աշնանային արձակուրդների ընթացքում հյուրընկալվել են «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում։
Այցի օրակարգը բավականին հագեցած էր․ երեխաներին դիմավորեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույրը՝ Հայաստանի Բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը։ Հիվանդանոցի պատմությունն ու գործունեությունը ներկայացնելուց հետո աշակերտները բաժանվեցին խմբերի և ավագ բուժքույրերի ուղեկցությամբ այցելեցին տարբեր բաժանմունքներ։
Հերացիականների համար բաժանմունքներում կազմակերպվել էր գործնական հմտությունների ուսուցում, այդ թվում՝ ձեռքերի մշակման եղանակներ, զարկերակային ճնշման ու սատուրացիայի չափում և այլն։ Աշակերտները նաև ծանոթացան մի շարք հետազոտությունների ընթացքին, այդ թվում՝ սոնոգրաֆիա, ռենտգեն, էխոսրտագրություն և էլեկտրասրտագրություն։
Կլինիկական գործունեությանը ծանոթացումից հետո նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ, բ․գ․թ․, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն դոցենտ Մելանյա Շմավոնյանի հետ։ Մելանյա Շմավոնյանն այսօրվա ինֆեկցիոնիստներից ավագն է՝ աշխատում է այս ոլորտում ավելի քան 50 տարի, զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Նա փորձառու մասնագետ է՝ անցնելով տարբեր համաճարակների միջով, առաջինն է տեսել խոլերա, բորոտ և ախտորոշել COVID-19։
Հերացիականները բազմաթիվ հարցեր ուղղեցին բժշկին՝ կապված պատվաստումների արդյունավետության, հակացուցումների մասին։ Միևնույն ժամանակ, աշակերտները հետաքրքրված էին նաև արհեստական բանականության կիրառմամբ բժշկության մեջ՝ հարցնելով, թե որքանով է այն նպաստում ոլորտի զարգացմանը և արդյոք կվերացնի բժիշկ-ինֆեկցիոնիստի մասնագիտությունը։ Ընդհանուր առմամբ՝ հանդիպումն անցավ քննարկումների ու կարծիքների փոխանակման մթնոլորտում․ բժշկական բուհի ապագա դիմորդները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բժիշկների առօրյայի և կլինիկական գործունեության նկատմամբ։
.png)